ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին եւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:
Հանրապետության նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին եւ բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: Նախագահը հետագա բարգավաճում եւ շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել եւ խորանալ` ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:
Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն` շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին:































