Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովը հունիսի 9-10-ը Փարիզում կայացած նիստի ժամանակ Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում երաշխավորել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի հաղորդագրության համաձայն, քվեարկության արդյունքում Հարությունյանը Լիանա Հակոբյանի նկատմամբ փոքր առավելության է հասել:
Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում առաջադրվել են Արմեն Խաչատրյանը, Արա Ղազարյանը եւ Լիանա Հակոբյանը:
Եվրադատարանում Հայաստանի դատավորը վերջնականապես ընտրվելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջին անգամ կազմակերպված մրցույթի արդյունքում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ներկայացված ցուցակի վերաբերյալ ԵԽԽՎ-ից բացասական եզրակացություն ստանալու պատճառով Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները:
Հայտարարվել էր նոր մրցույթ, որի արդյունքներով հաղթող են ճանաչվել Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:





























