Երեւանում այսօր մեկնարկել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եւ Եվրոֆիշ միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպված ‹‹Առեւտրի համաշխարհային կազմակերպություն. մուտք դեպի շուկա եւ ձկնաբուծության բնագավառում առեւտրին առնչվող խնդիրներ›› խորագրով եռօրյա աշխատաժողովը, որին ներկա է գտնվել եւ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ գյուղատնեսության նախարար Սերգո Կարապետյանը: Աշխատաժողովին մասնակցում էին նաեւ «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասեւան, ներկայացուցիչներ շուրջ 20 եվրոպական երկրներից:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` նախարարը մասնավորապես նշել է, որ ձկնաբուծությունը հանդիսանում է հանրապետության ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից մեկը` կարեւորելով ոլորտի զարգացումը ինչպես երկրի պարենային անվտանգության ապահովման, այնպես էլ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների արտաքին ապրանքաշրջանառության բարելավման տեսանկյունից:
«Ձկնաբուծությունը Հայաստանի համար հեռանկարային ճյուղ է եւ ունի զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք օգտագործումը հնարավոր է միջազգային առաջատար կազմակերպությունների հետ համագործակցության, զարգացած երկրների պրակտիկայում առկա արդիական ռեսուրսախնայող եւ արդյունավետ տեխնոլոգիաների աստիճանական ներդրման, միջազգային չափանիշներին բավարարող արտադրանքի ստեղծման եւ ձկնամթերքի արտահանման ավելացման միջոցով»,- իր խոսքում ընդգծել է նախարարը:
Նախարարի խոսքով` վերջին տարիներին իրականացված քաղաքականության, մասնավորապես արտահանմանն ուղղված պետական աջակցության արդյունքում էականորեն ավելացել են ձկան արտադրության եւ արտահանման ծավալները: Ձկնաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի արժեքը կազմել է 28.7 մլրդ դրամ, որը գերազանցել է 2013 թվականի մակարդակը 24.6 %-ով: 2011-2014թթ. ընթացքում ձկան արտադրությունն ավելացել է ավելի քան 2.0 անգամ: Էականորեն ընդլայնվել է արտահանման ծավալը, այն 2014 թվականին կազմել է 2706 տոննա` 2011 թվականի 1600 տոննայի դիմաց:
«Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասեւան իր հերթին շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին եւ իր երախատագիտությունը հայտնելով գյուղատնտեսության նախարարությանը մեծ աջակցության համար` հույս է հայտնել, որ այս տարածաշրջանային աշխատաժողովը, որը համախմբել է եվրոպական շուրջ 20 երկրների փորձագետների, կարեւոր նշանակություն կունենա ամուր համագործակցության ծավալման, փորձի փոխանակման եւ ոլորտի վերջին զարգացումների մասին համապարփակ իրազեկման առումով:





























