Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին համասեփականատեր Բորիս Մուրադյանը շարունակում է դատական ատյաններում կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու եւ  շարժական գույքը՝ որպես սեփականատեր, իրեն վերադարձնելու համար:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մուրադյանի փաստաբան Արմինե Հակոբյանը հայտնեց, որ առայժմ ընտրել են պայքարն օրենքի շրջանակում:

«Բոլոր ատյաններում էլ գործ ունենք՝ ընդհանուր իրավասության, Վարչական վերաքննիչ, Վճռաբեկ: Այս պահին քննությունն ընթանում է: Մենք ընտրել ենք այս ճանապարհը: Եվրոպական դատարանում նույնպես հայցեր ունենք, որոնք վերաբերվում են վարկային պարտավորություններին: Պետությունն իր վարկը ստանալու համար դիմել էր դատարան եւ գործը շահել, որից հետո մարզահամերգային համալիրը բռնագանձեցին եւ հանձնեցին պաշտպանության նախարարությանը: Մենք հենց այս վճիռն ենք բողոքարկել ՄԻԵԴ-ում»,- ասաց Արմինե Հակոբյանը՝ հրաժարվելով հայցից այլ մանրամասներ հայտնել:

Նշենք, որ մինչեւ այս պահը համալիրի նախկին տնօրինությունը հրաժարվում էր որեւէ տեղեկություն տալ ՄԻԵԴ ներկայացրած հայցերի մասին:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 7-րդ անգամ աճուրդի հանվելուց և գնորդ չգտնելուց հետո 2014թ.-ի օգոստոսի 21-ի Կառավարության որոշմամբ հանձնվեց Պաշտպանության նախարարությանը: