Այս տարի հայաստանցիների շրջանում ամառային հանգստի երկու ամենապահանջված ուղղությունները Հունաստանն ու Եգիպտոսն են: Մի քանի տուրիստական գործակալություններում NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ եթե անցած տարի այս առումով առաջատարը Եգիպտոսն էր, ապա այս տարի բացարձակ առաջատար է դարձել Հունաստանի ուղղությունը:
Տուրիստական գործակալություններից շատերը մեզ հետ զրույցում նշեցին, որ ամառային հանգիստը հայերը հիմնականում նախընտրում են անցկացնել ընտանիքով: Հունաստանում կամ Եգիպտոսում մեկ շաբաթ ամառային հանգիստն ընտանիքի համար (երկու մեծահասակ, մեկ երեխա) կազմում է մոտավորապես 2 հազար դոլար: Նշենք, որ տուրիստական փաթեթի մեջ մտնում է հետադարձով տոմսը, նախաճաշը, 5 կամ 4 աստղանի հյուրանոցում մեկ շաբաթ մնալը:
Ի տարբերություն Հունաստանի ու Եգիպտոսի, եվրոպական երկրներում հանգստանալ ցանկացողները հիմնականում նախընտրում են 3 աստղանի հյուրանոցներ, քանի որ այդ ուղղություններով հյուրանոցներն ավելի թանկ են: Բարսելոնայում մեկ շաբաթ հանգիստը անցկացնել ցանկացող ընտանիքին (երկու մեծ, մեկ երեխա) հարկավոր է 1 միլիոն 150 հազար դրամ, փաթեթի մեջ մտնում է հյուրանոցում մեկ շաբաթ մնալը՝ նախաճաշով, հետադարձով տոմսը:
Նշենք, որ տուրիստական գործակալությունների շրջանում մեր անցկացրած հարցման արդյունքում պարզ դարձավ, որ գործակալությունները հիմնականում չեն զբաղվում ներքին տուրիզմով, ինչը պայմանավորեցին պահանջարկի պակասով:



























