«Ոչ թալանին» նախաձեռնությունը վաղը՝ հունիսի 17-ին, չի միանա ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած բողոքի ակցիային Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ, որտեղ քննարկվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ՀԷՑ-ի ներկայցրած հայտը: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
«Ողջունելի է. ով կուզի, թող հավաքվի, ես միտք չունեմ անցած տարվա սխալը կրկնելու, ձերբակալվելու, ծեծ ուտելու: Դա այնպիսի ստրատեգիկ տեղ է, որտեղ եթե հազարավոր մարդիկ էլ հավաքվեն, ոստիկանություն մեզ կցրի: Հանրային ծառայությունները մունետիկ մարմին է, որը կառավարում են վերեւից: «Ոչ թալանին» նախաձեռնությունը իր պահանջները ներկայացրել է նախագահին եւ վարչապետին, հիմա մենք չենք պատրաստվում այդ պահանջները իջեցնել, դնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց, իրենցից ոչինչ չունենք պահանջելու, իմաստ չունի»,-ասաց Վաղինակ Շուշանյանը:
Նշենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 19-ի բողոքի երթին ընդառաջ, հունիսի 18-ին իրազեկման ավտոերթ կանցկացնի:
Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում էր սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ներկայացրել է որոշման նախագիծ, որի համաձայն հոսանքը կթանկանա 6,93 դրամով: Հունիսի 17-ին հանձնաժողովը կհաստատի որոշումը:





























