Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում, 2014թ. տարվա նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 16-ին, որպես վկա հարցաքննվեց «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ի բուժքույր Վալյա Մխոյանը, ով դատարանին վստահեցրեց, որ ավտովթարից մահացած` «Գազել» մակնիշի վարորդ Ռազմիկ Մկրտչյանը երթուղի դուրս գալուց առաջ բուժզննում է անցել, եւ առողջական խնդիր չի ունեցել։
Վկայի խոսքով` իր մոտ բուժզննում է անցնում է «Տրանս- Ակնթարթ» ՍՊԸ-ի մոտ 30 վարորդ, յուրաքանչյուրին ինքը սպասարկում է 5 րոպեում:
Գործով մեղադրյալի փաստաբան Լիանա Բալյանը զարմացավ. «Հարգելի վկա, ի՞նչ բուժզննում է, որ տեւում է 5 րոպե, այդ ի՞նչ եք անում»։
Վկա Վալյա Մխոյանն էլ ասաց, որ ինքը երկար տարիների բուժաշխատող է եւ լավ գիտի իր աշխատանքը:
«Ես երկար տարիներ է` աշխատում եմ, ու շատ լավ գիտեմ իմ գործի էությունը, չափում եմ ջերմությունը, պուլսը, ճնշումը, ու դեռ 5 րոպեից էլ քիչ կարող է տեւել այդ բուժզննումը», -ասաց վկան:
Դատարանում ցուցմունք տվեց նաեւ ավտովթարից տուժած Ռաֆայել Հովհաննիսյանը, որը պատմեց, թե ինչպես է դուրս եկել հրդեհվող մեքենայից ու օգնել տուժածներին:
«Մեքենայում մեկը գոռաց կամաց-կամաց եւ բախումը եղավ, ես գիտակցությունս էի կորցրել, եւ երբ ուշքի եկա, դուրս եկա մեքենայից, ու մեքենան հրդեհվեց, մի կին արդեն այրվում էր, հասա, նրան օգնեցի, մեքենայի միջից մի կին գոռում էր` օգնություն, հասա նրա կողմը, օգնեցի ու զանգեցի 911 ծառայություն»,-պատմեց տուժած Ռաֆայել Հովհաննիսյանը:
Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 24-ին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է: Ընթանում է դատաքննություն:





























