ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նոր խմբագրությունը կհստակեցնի կենսաթոշակային տարիքի՝ 65 տարեկանին հասած աշխատակիցների եւ գործատուների հարաբերությունները: Այս մասին հունիսի 16-ին խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Մասնավորապես, թոշակի անցնելուց հետո աշխատակիցը պահպանում է աշխատանքային գործունեություն իրականացնելու իրավունքը: Բայց գործատուն իրավունք է ստանում նրա հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը փոխարինել ժամկետայինով: Սա համապատասխանում է Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի որոշմանը:

«Ամեն ինչ ինչ-որ ժամանակ ավարտվում է, այդ թվում՝ աշխատանքային կենսագրությունը»,- փիլիսոփայորեն նկատեց խորհրդարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: