ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ռազմական բյուջեի քննարկման ժամանակ ընդունել է հարցաքննությունների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որը իրավապահ մարմիններին արգելում է խոշտանգել ձերբակալվածներին։

Նախագիծն առաջ էին քաշել զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ղեկավար հանրապետական Ջոն Մաքքեյնը եւ հետախուզության հանձնաժողովի փոխնախագահ դեմոկրատական Դայեն Ֆայնսթայնը։

Ներկայումս այսպես կոչված ինտենսիվ հարցաքննության մեթոդն արգելված է նախագահի հրամանով, սակայն Կոնգրեսը կարծում է, որ դա պետք է արգելվի օրենքի մակարդակով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովը զեկույց էր հրապարակել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ԿՀՎ գաղտնի բանտերում պահվող, ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ խոշտանգումներ իրականացնելու մասին։