Ռուսաստանի քաղաքականությունը մարտահրավեր է ՆԱՏՕ-ի եւ «սառը պատերազմի» ավարտից հետո ստեղծված աշխարհակարգի համար: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկյան գեներալ Ֆիլիպ Բրիդլավի համատեղ հոդվածում, որը հրապարակվել է The Wall Street Journal թերթում:
Հեղինակների կարծիքով, ՆԱՏՕ-ի կողմից սկսված «Դաշնակցային վահան» զորավարժությունները ցույց կտան, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է մի քանի օրվա ընթացքում իր ուժերը տեղակայել ՆԱՏՕ-ի ցանկացած տարածքում, ճգնաժամի առաջացման կամ իր դաշնակիցների համար սպառնալիքի ի հայտ գալու դեպքում: «Դրանց ցույց կտան աշխարհին, որ Դաշինքը պատրաստ եւ ունակ է հաղթահարել ցանկացած ծագող մարտահրավեր: Այդ զորավարժությունները պետք են, որովհետեւ աշխարհը փոփոխվում է: Մեզնից հարավ «Իսլամական պետությունն» է եւ այլ ծայրահեղական խմբավորումներ, որոնք քաոս են առաջացնում եւ ահաբեկչության սպառնալիք ստեղծում Փարիզից մինչեւ Թեքսաս: Արեւելքում Ռուսաստանն իր կամքն է թելադրում հարեւաններին՝ առանց հաշվի առնելու նրանց ինքնիշխանությունը: Այդ նոր ու արագ փոփոխվող միջավայրում ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է արագ արձագանքել ու արագ դրանք կյանքի կոչել»,-գրել են հոդվածի հեղինակները:
The New York Times-ի տեղեկություններով, Պենտագոնը պատրաստվում է ՆԱՏՕ-ի արեւելյան ճակատում ռազմական տեխնիկայի պահեստներ ստեղծել՝ ռոտացիոն սկզբունքով չդադարող զորավարժություններ անցկացնելու նպատակով: Դրա համար Բուլղարիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Ռումինիայում, Էստոնիայում եւ, հնարավոր է, Հունգարիայում մոտ 1,2 հազար միավոր զրահատեխնիկա կտեղակայվի, ներառյալ 250 Abrams տանկ եւ Bradley մարտական մեքենա, ինչպես նաեւ հրետանային համակարգեր: Այդ սպառազինությունը բավարար է 3-5 հազարանոց բրիգադը զինելու համար:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման պլանները խախտում են Մոսկվայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները:





























