ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի շենքի մոտ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ բախում է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները փորձում էին մոտենալ շենքին, քանի որ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հրաժարվում էր իջնել ու պատասխանել նրանց հարցերին: Ոստիկանները սակայն մի քանի շարք պատ կազմեցին՝ թույլ չտալով ակտիվիստներին առաջ գալ:

Ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ, որը տեւեց մոտ 10 րոպե, որից հետո միայն ոստիկաններին հաջողվեց խաղաղեցնել ակտիվիստներին: Այս պահին ակցիան շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն այս պահին իր նիստում քննարկվում է ՀԷՑ-ի հայցը էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ: ՀԾԿՀ շենքի շենքի  մոտ բողոքի ակցիա են անցկացնում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները:

Մի քանի տասնյակ երիտասարդներ ՀԾԿՀ շենքի մոտ «3 անգամ թանկացրել, եք, որ ինչ անեք», «Չորրորդ անգամ թանկացնելու եք, որ ինչ անեք»,  «Թալանից 365 000 000 դրամ շքեղ մեքենաներին» գրությամբ պաստառներ են պարզել:

Երիտասարդները վանկարկում են «կասեցում», «նախարար, իջիր»:

Ոստիկաններ սկզբում թույլ չէին տալիս երիտասարդներին բողոքի ակցիան անցկացնել, ՀԾԿՀ շենքի մոտ, պատճառաբանելով, որ խանգարում են երթեւկությանը, սակայն, որոշ ժամանակ անց սակայն թույլատրեցին նրանց կանգնել շենքին հարակից փողոցում:

Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում էր սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ներկայացրել է որոշման նախագիծ, որի համաձայն հոսանքը կթանկանա 6,93 դրամով: Հունիսի 17-ին հանձնաժողովը կհաստատի որոշումը: