Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղի ժամանակ այլ մարդկանց կյանքը փրկելիս սեփականը կորցրած փրկարարի ընտանիքը 45 հազար դոլար կստանա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին։
Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ խնդրելու է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին հերոսություն ցուցաբերած բոլոր փրկարարներին, ոստիկաններին եւ կամավորներին հատուկ պետական շքանշաններով պարգեւատրել։ Նա մամուլին կոչ է արել ֆիլմեր նկարահանել ու հոդվածներ գրել Թբիլիսիի հերոս քաղաքացիների մասին։
«Իսկ այս հերոսի ընտանիքը 100 հազար լարի կստանա։ Գումարը ընտանիքին կհանձնեն ամիս առ ամիս»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հունիսի 14-ի գիշերը տեղատարափ անձրեւներ էին տեղացել։ Արդյունքում վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ։ Վնասվել է կենդանաբանական այգին, որտեղ կենդանիների կեսը զոհվել էր։Այս պահին հայտնի է 19 զոհի մասին, 6 մարդ անհետ կորած է համարվում։





























