Երեւանի Նազարբեկյան թաղամասի համար 48 անավարտ ու անտեր շենքը գտնվում է Պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ, 1992 թվականից չունի տանիք ու կոյուղի եւ անձրեւաջրերն ազատորեն լցվում են շենք ու քանդում նրա հիմքերը: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նա մասնագորապես գրել է. «Շենքի կոյուղու համար ծառայում է մի փոս, որը բնակիչների ջանքերով պարբերաբար դատարկվում է: Ինքներդ էլ կպատկերացնեք, թե դա ինչ հակասանիտարական վիճակ է ստեղծում բակում, որտեղ խաղում են երեխաները:

Ակնհայտորեն փլուզման վտանգ կա: Ամեն րոպե կարող են շենքի պանելներն ընկնել ցած ու զոհվեն անմեղ մարդիկ ու երեխաներ: Ո՞ւմ խղճի վրա կմնան այդ անմեղ զոհերը, իհարկե Պետական գույքի կառավարման վարչության եւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաների՝ վերից-վար, ովքեր պարտավոր են գտնել լուծում: Բնակիչները դիմում են տարբեր պատկան մարմինների, սակայն Երեւանի քաղաքապետարանն ասում է, որ այն քաղաքին չի պատկանում, Երեւան-Ջուր ընկերությունն ասում է, որ տվյալ շենքի շահագործումն ու կոյուղու ցանցի ընդլայնման պարտավորությունը երբեւէ չի ստանձնել, որովհետեւ անտեր շենք է:

Բնակիչները դիմել են ինձ եւ ես պարտավոր եմ զբաղվել այս խնդրով, հետեւաբար արդեն նամակով դիմել եմ Պետական գույքի կառավարման վարչության պետին եւ պահանջում եմ իրենից ու Երեւանի քաղաքապետից, քանի դեռ թքած կպցրած պանելներից մեկը շենքի որեւէ բնակչի գլխին չի ընկել, որտեղից ուզում են գտնեն գումար եւ լուծեն այդ շենքի տանիքի եւ կոյուղու խնդիրը: (Էն կոնյակի պատմության 30մլն դրամը էլի հիշեցի):