ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում, որտեղ քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ ՀԷՑ-ի հայտը, ելույթ են ունեցել անհայտ անձինք, որոնք ներկայացել են որպես քաղաքական գործիչներ:

Նոր սակագնային հայտի մասին զեկույցից հետո խոսք են վերցրել «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանը եւ «Ազգային արժեքների պաշտպանության» ղեկավար Աշոտ Պողոսյանը:

Անի Զախարյանը հայտարարել է «հայ ժողովրդի բուռն անհանգստության մասին, որոնց վիճակը գող իշխանություններին չի հետաքրքրում»: ՀԽԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը խնդրել է հարցեր տալ ըստ էության, ինչը Զախարյանն անտեսել է:

«Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանն էլ հայտարարել է էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման անթույլատրելիության մասին, որը կարող է կործանարար լինել հարյուր հազարավոր ընտանիքների բյուջեի համար:

Վերջապես «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցության ղեկավար Աշոտ Պողոսյանը հայտարարել է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին, որից հետո կոչ է արել միջոց գտնել ու չթանկացնել էլեկտրաէներգիան:

Նշենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը մտադիր է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 6.93 դրամով՝ 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլցանցերը»: Ներկայում բնակչության համար ցերեկային սակագինը կազմում է 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց: