Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առջեւ այսօր` հունիսի 17–ին, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդներին աջակցելու է եկել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀԷՑ տնօրենի չներկայանալը ՀԾԿՀ նիստին արհամարանք է հայ հասարակության նկատմամբ (ֆոտոռեպորտաժ)։

«Նա ֆորմալ կերպով կարող էր չներկայանալ, քանի որ մասնավոր ընկերության ղեկավար է, սակայն հաշվի առնելով, որ ՀԷՑ–ը մենաշնորհ ունի էլեկտրաէներգիաի մատակարարման ոլորտում, նա պարտավոր էր ներկայանալ»,– ասաց պատգամավորը` նշելով, որ իշխանությունները չունեն որեւէ լծակ` ստիպելու Եվգենի Բիբինին ներկայանալ նիստին, սակայն կարող էին հայտը հետ ուղարկել։

Այնուամենայնիվ, ըստ Ռուստամյանի, գլխավոր ահազանգը ստեղծված իրավիճակում այն է, որ անհրաժեշտ է վերանայել էներգամատակարարման ոլորտը եւ արմատական բարեփոխում կատարել։

Ռուստամյանի խոսքով` ՀԷՑ–ի ֆինանսական խնդիրները սպառողների հաշվին պետք է չլուծվեն, սպառողները բարեխղճորեն վճարումներ են կատարել, պարզապես ՀԷՑ–ը չի կարողացել նորմալ կառավարել։

ՀԾԿՀ աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը, որը տեղեկացրեց, որ հնարավոր չէ այս պահին բավարարել ցուցարարների պահանջը` դադարեցնել ՀԷՑ–ի հայտի քննարկումը եւ հանդիպել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին իրավիճակը ՀԾԿՀ շենքի մոտ համեմատաբար հանգիստ է։ Սակայն պարբերաբար կրքերը բորբոքվում են։ Քիչ առաջ ակտիվիստները կրկին ձվեր ու զուգարանի թղթեր նետեցին ՀԾԿՀ շենքի ուղղությամբ։ Ավելի ուշ ժամանեցին ոստիկանական լրացուցիչ ուժեր։ Ոստիկանների գործողությունները ղեկավարում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որի միջնորդությամբ էլ հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը մոտեցել էր ցուցարարներին։

Շենքի ներսում շարունակվում է քննարկումը։

Նշենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը մտադիր է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 6.93 դրամով՝ 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլցանցերը»: Ներկայում բնակչության համար ցերեկային սակագինը կազմում է 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց: