«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բացարձակապես անընդունելի է համարում էլեկտրաէներգիայի այն սակագինը, որն առաջարկում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ՀԾԿՀ նիստում հայտարարել է Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ կարդալով ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինի գրավոր դիմումը Հանձնաժողովին:

Ռոբերտ Նազարյանի խոսքով, Բիբինն իր գրության մեջ հայտարարել է, որ եթե իրենց առաջարկած էլեկտրաէներգիայի 17 դրամ թանկացումը չլինի, ընկերությունը չի կարողանալու հետագայում երաշխավորել էլեկտրաէներգիայի որակի հուսալիությունը, պահպանմանն ուղղված ներդրումներ իրականացնել:

Այդ դեպքում՝ ՀԷՑ-ը կդիմի ՀԾԿՀ-ին, առաջարկելով քննարկել «լիցենզավորված գործունեությունը շարունակելու հնարավորությունը», որովհետեւ այդ դեպքում լիցենզիայով սահմանված պարտականությունների կատարումն ընկերության կողմից անհնար կդառնա:

«Գրության մեջ նաեւ նշված է՝ սակագների հաստատումից հետո ընկերությունը դիմելու է ՀԾԿՀ՝ իրենց լիցենզավորման հեռանկարները քննարկելու համար: Ըստ պարոն Բիբինի՝ իրենց սակագինը տնտեսապես հիմնավորված է եւ հետեւաբար, կոչ են անում՝ լավ գիտակցել կայացրած որոշման կարեւորությունն ու ազդեցությունը»,-ասել է Նազարյանը: