Հունիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը /Ռուսաստան/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ գնդապետ Թունկայ Շեվիմը /Թուրքիա/:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:





























