Հայաստանը խաղաղասեր երկրների գլոբալ ինդեքսում 6 կետով բարելավել է դիրքերը եւ 162 երկրների ցուցակում զբաղեցրել 91-դ տեղը։ Վարկանիշը հրապարակվել է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի էջում։

Տարածաշրջանում Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, որը զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը։ Մեր մյուս հարեւանները չեն ընդգրկվել անգամ թոփ-100-ում։ Այսպես՝ Ադրբեջանը զբաղեցնում է 132-րդ տեղը, Թուրքիան՝ 135-րդը, Իրանը՝ 138-րդը։

Ռուսաստանը զբաղեցրել է 152-րդ հորիզոնականը՝ հայտնվելով Նիգերիայի (151) եւ Հյուսիսային Կորեայի կողքին (153)։ Ուկրաինան կորցրել է 8 հորիզոնական եւ զբաղեցրել 150-րդ տեղը։ ԱՄՆ-ը 94-րդ հորիզոնականում է։

Ամենախաղաղասեր երկիրն է Իսլանդիան։ Լավագույն տասնյակում են Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան , Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան եւ Չեխիան։

Ինդեքսի ամենավերջին տեղում է գտնվում Սիրիան։

Երկրների խաղաղասիրությունը գնահատվել է 22 ցուցանիշներով, որոնց թվում՝ ներքին եւ արտաքին պատերազմները, հարեւան երկրների հետ հարաբերությունները, հանցագործությունների քանակը, քաղաքական անկայունությունը, սպառազինությունների ներկրումն ու արտահանումը եւ այլն։