ԱՄՆ Կոնգրեսը դեմ է քվեարկել Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը: Բանաձեւին դեմ է քվեարկել 288 կոնգրեսական, կողմ՝ 139-ը, այդ թվում 120 դեմոկրատներ: Բանաձեւը ներկայացրել էին մեկ դեմոկրատ եւ երկու հանրապետական կոնգրեսականներ՝ պահանջելով 30 օրվա ընթացքում դուրս բերել ամերիկյան զորքերը Իրաքից եւ Սիրիայից, թեեւ Սպիտակ Տունը պաշտոնապես զորքեր չի ուղարկել Սիրիա:
Բանաձեւի հեղինակներից Ջիմ ՄաքԳովենը հայտարարել է, որ Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ը պատերազմ է վարում, որի համար ըստ սահմանադրության անհրաժեշտ է Կոնգրեսի հավանությունը:
Բարաք Օբամայի վարչակազմը վկայակոչում է Կոնգրեսի համաձայնությունը՝ ռազմական գործողություններ ծավալել Աֆղանստանում եւ Իրաքում 2001-2001 թվականներին: Սպիտակ Տան կարծիքով, դա բավարար է «Իսլամական պետության» դեմ Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու համար:





























