ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարը Հայաստանը համարում է մի երկիր, որն ունակ է պատասխան տալ Հարավային Կովկասում առկա մարտահրավերներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի ԽՎ «Rose-Roth» 89-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ ԽՎ-ի փոխնախագահ Պաոլո Ալլին (ֆոտոռեպորտաժ):
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն եւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ն կարողացել են ընդլայնել համագործակցությունը գործընկերների հետ, հատկապես Աֆղանստանում: «Մենք իհարկե, անվտանգության տեսանկյունից կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջեւ: Նման տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, մենք քննարկել ենք երկարաժամկետ տարբերությունները: Հետեւաբար, այս կոնֆերանսը իդեալական հարթակ է երկխոսության համար, որը ոչ մի դեպքում չպետք է պայմանավորված լինի քաղաքական նկատառումներով»,-ասել է Ալլին:
Նա ընդգծել է, որ կոնֆերանսը հնարավորություն է տալիս պարզաբանել տնտեսությանը, քաղաքականությանը վերաբերող շատ հարցեր, հնարավոր տարբերակներ, որոնք վերաբերում են թյուրըմբռնումների վերհանմանը ինչպես տեղային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով:
«Բայց մենք, միաժամանակ, չպետք է մեզ խաբենք պատրանքներով: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության պատճառները պայմանավորված են ոչ ներկայացված հնարավորություններով: Ռազմական լուծումը չի բխում որեւէ կողմի շահերից: Հույս ունենք, որ կողմերը փոխընդունելի որոշման կհանգեն»,-ասել է նա:
Պաոլո Ալլին ափսոսանք է հայտնել, որ ադրբեջացի պատվիրակները չեն մասնակցում Երեւանում ընթացող սեմինարին:





























