ՀԱՊԿ-ը տեղյակ է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին։ Այս մասին հունիսի 18-ին Մոսկվա-Աստանա-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիոլայ Բորդյուժան։
Ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչ դեր կարող է ունենալ ՀԱՊԿ-ը ղարաբաղյան հակամարտության մեջ, Բորդյուժան նշեց, որ դրա համար կան միջազգային մեխանիզմներ, այդ թվում՝ ԵԱՀԽ Մինսկի խումբը։ «Նա զբաղվում է իրավիճակից ելք գտնելու մանրակրկիտ ուսումնասիրությամբ, փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ։ Ես խորապես վստահ եմ, որ այլ ինստիտուտները չպետք է մասնակցեն, որպեսզի խառնաշփոթ առաջ չբերեն։ Միջազգային հանրությունը այդ գործառույթը դրել է Մինսկի խմբի վրա»,- նշեց Բորդյուժան։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ կազմակերպությունը տեղյակ է իրավիճակից եւ փոխհրաձգության ու զոհերի մասին տեղեկություններ է ստանում։ Բորդյուժան հիշեցրել է, որ հակամարտությունը հղի է բացասական զարգացումներով։ «Սակայն ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել, քանի որ չունի համապատասխան մանդատ»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է եւ իրավիճակի բացասական զարգացման դեպքում իրավունք ունի իր տարածքում ՀԱՊԿ գործընկերներից օգնություն ստանալ։
Ինչ վերաբերում է թեժ կետերում ռազմական գործողությունների հնարավորությանը, ապա Բորդյուժան կտրականապես նշեց, որ նման զարգացումն անթույլատրելի է։ «Ո՛չ Ղարաբաղում, ո՛չ Մերձդնեստրում, ո՛չ որեւէ այլ կետում հարցը չի կարող լուծվել զենքի ուժով։ Ինչ-որ փուլում հնարավոր է մարտավարական առավելություն ստանալ, սակայն դրա համար տարիներով արյուն կթափվի»։





























