Ես իմ պատասխաններից գոհ էի, նրանք գոհ էին, թե ոչ, չեմ կարող ասել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արա Ղազարյանը, ով, որպես ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնի համար ներկայացված թեկնածու, հունիսի 9-10 մասնակցել է ՄԻԵԴ դատավորների հանձնաժողովի նիստին:

Նա նշեց, որ ՄԻԵԴ դատավորների հանձնաժողովի եզրակացության մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, չգիտի, թե թեկնածուների գնահատման ինչ մեխանիզմ է գործել՝ միավորներ են նշանակել, թե քվեարկել եւ իրենց այդ մասին տեղյակ պահելու որեւէ ընթացակարգ չկա: «Սկզբում երեքս մի սենյակում էինք, զրուցում, շփվում էինք, առաջինը ես եմ մասնակցել հարցազրույցին, այբբենական կարգով էր, հետո չգիտեմ՝ ով է մասնակցել, մեկս մյուսի հարցազրույցից տեղյակ չէինք: Հնչեցված հարցերը նման էին Հայաստանում հնչեցված հարցերին, մասնագիտական բնույթի էին, իմ անձի վերաբերյալ էին հարցեր տալիս, հնարավորություն տվեցին ներկայացնել իմ անձը, իմ անցած ճանապարահը, հարցազրույցը նման էր Հայաստանում անցկացված հարցազրույցին, ես մեծ տարբերություն չտեսա»,-ասաց Արա Ղազարյանը:

Նա պատմեց, որ մոտ 40 րոպե տեւեց հարցազրույցը, սկզբից խնդրեցին ներկայացնի իրեն, մասնագիտական մի քանի հարց տվեցին, կենսագրության վերաբերյալ, աշխատավայրից հարցրին, հասարակական կազմակերպությունից, դատական գործերից պատմեց, Արփինե Հովհաննիսյանը հարցեր չտվեց, հանձնաժողովի 1/3-ը հարց տվեց. հետո իրեն ուղեկցեցին սպասասրահ, որտեղից դուրս եկավ Եվրոպայի խորհրդի շենքից:

Հարցին, թե ինչպես եք գնահատում ԵԽԽՎ-ում ձեր ընտրվելու հնարավորությանը, նա այսպես պատասխանեց. «Արմեն Հարությունյանը ավելի մեծ շանսեր ունի, նախապատվությունը տվել են նրան, եթե ես որեւէ շանս ունեմ, զուտ տեսականորեն, առավել մեծ շանս ունի Արմեն Հարությունյանը, քանի որ ԵԽԽՎ լիազորված կոմիտեն նրան է տվել նախապատվությունը»:

Հարցին, թե ինչպես ստացվեց, որ Արմեն Հարությունյանը առավելություն ունեցավ, հատկապես, երբ հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպան կառույցները բարձրաձայնում էին գրագողության փաստերի մասին, թեկնածուն ասաց, որ այդ փաստերի ճնշող մեծամասնությունը անհիմն դուրս եկավ, իրենք անցան Եվրոպական երկու հանձնաժողովով, եթե իրենց մասին հնչեցված գնահատակնները ճիշտ լինեին, ցուցակները կմերժվեին:

Հարցին, թե չեք զղջում մրցույթին մասնակցելու համար, Արա Ղազարյանն ասաց, որ «իհարկե, արժեր մասնակցել, ուժերը չափել, մրցույթ էր, իսկ մրցույթում հաղթում է մեկը, 2-3 հոգի չեն հաղթում»: Ընտրվելու դեպքում Արա Ղազարյանը պատրաստվում է շնորհավորել Արմեն Հարությունյանին: «Մենք քաղաքակիրթ մարդիկ ենք բոլորս, պետք է դիմացինին հարգենք, եթե պարտվել եմ մրցույթում, չի նշանակում՝ պետք է լարվեմ, լարված հարաբերություններ ունենամ մյուսի հետ, մենք գործընկերներ ենք, բոլորս այս երկրի համար ենք աշխատում»,-ասաց նա:

ՄԻԵԴ մրցույթից հետո Արա Ղազարյանը շարունակելու է ապրել եւ աշխատել այնպես. ինչպես մինչ այդ էր, որեւէ բան չի փոխվել:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջին անգամ կազմակերպված մրցույթի արդյունքում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ներկայացված ցուցակի վերաբերյալ ԵԽԽՎ-ից բացասական եզրակացություն ստանալու պատճառով Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները:

Հայտարարվել էր նոր մրցույթ, որի արդյունքներով հաղթող են ճանաչվել Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովը հունիսի 9-10-ը Փարիզում կայացած նիստի ժամանակ Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում երաշխավորել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին: