Բանակում ցանկացած նշանակում ունի հստակ ռազմական կադրային քաղաքականությունից բխող անհրաժեշտություն եւ վարվում է՝ ըստ վերադաս հրամանատարների որոշման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով վերջին փոփոխությունները Զինված ուժերում, մասնավորապես՝ Մովսես Հակոբյանի՝ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ նշանակմանը եւ ԶՈՒ շտապի պետ Յուրի Խաչատուրովի հնարավոր հեռանալուն:
Նա նշեց, որ Պաշտպանության նախարարը բոլոր գեներալների ու ենթակաների հետ ունի լավ, նորմալ ծառայողական հարաբերություններ, մեր գեներալները բոլորն էլ անցել են ռազմական մեծ ճանապարհ, ունեն լավ փորձ եւ գիտելիքներ: «Նշանակումները բանակում լինում են միայն ծառայողական անհրաժեշտություններով եւ վարվում է համապատասխան կադրային քաղաքականություն: Բանակը մի մարմին է, որտեղ կա ղեկավարման ուղղահայաց համակարգը: Սա ռազմական գործ է ու պարտադիր չէ, որ ամեն մեկը դրանց տրամաբանությունը հասկանա, դրանք ռազմական գործի անհրաժեշտություններից են բխում: Բանակում հաջողությունները, որոնք տեսանելի են հատկապես մեր հակառակորդի համար, նախ եւ առաջ լավ ռազմական համակարգի, թիմի, բոլոր օղակների աշխատանքի արդյունքն է»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:




























