Հայկական պատվիրակության առջեւ Բաքվի Եվրոպական խաղերին գնալ չգնալու հարց դրված չի եղել։ Այս մասին հունիսի 18-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը։

«Պետք չէ սպորտն ու քաղաքականությունն իրար խառնել։ Եվրոպական խաղերը Բաքվի սեփականությունը չեն։ Դրանք խաղեր են, որոնք կազմակերպում են եվրոպական օլիմպիական կոմիտեները։ Այդ պատճառով Հայաստանը ոչ մի հիմք չուներ չմեկնել այդ խաղերին  միայն այն պատճառով, որ դրանք Բաքվում են ընթանում»,- ասաց Ղազարյանը։ Նախարարը հավելեց, որ ինքը անձամբ ամեն օր կապ է հաստատում հայկական թիմի հետ եւ հարցնում է նրանց վիճակի մասին։