Ադրբեջանի կառավարությունն աբսուրդի հասնող իր հակահայ քարոզչությունը տարածեց նաեւ երեխաների վրա եւ իրենց ապակառուցողական քայլերով թույլ չտվեց մեր աշակերտներին մասնակցել քիմիայի միջազգային օլիմպիադային: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը՝ արձագանքելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությանը Ադրբեջանի կրթության նախարար Միքայել Ջաբարովի պարզաբանմանը:
Եգանյանն իր խոսքում նշել է. «Անվտանգության երաշխիքներ չտրվելու պատճառով Բաքվում կայանալիք քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային հայ աշակերտների չմասնակցելու վերաբերյալ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությանն ի պատասխան` Ադրբեջանի կրթության նախարար Միքայել Ջաբարովի պարզաբանումը մեղմ ասած տարակուսանք եւ զարմանք է առաջացնում:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի կրթության նախարարը նույնիսկ տեղյակ չէ, որ տարիներ շարունակ Հայաստանի ներկայացուցիչների՝ Ադրբեջանում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու հարցն անցնում է հատուկ ընթացակարգ՝ անվտանգության երաշխիքները տրվում են ադրբեջանի համապատասխան ծառայությունների կողմից, որից հետո միայն հնարավոր է լինում մեկնել այնտեղ: Ցավալի է, որ Ադրբեջանի կառավարությունն աբսուրդի հասնող իր հակահայ քարոզչությունը տարածեց նաեւ երեխաների վրա եւ իրենց ապակառուցողական քայլերով թույլ չտվեց մեր աշակերտներին մասնակցել քիմիայի միջազգային օլիմպիադային:
Աբսուրդային է նաեւ Մ. Ջաբարովի հայտարարությունն այն մասին, որ վերջին տարիներին անցկացված միջազգային միջոցառումների ընթացքում բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովվել է. մեր ձեռքի տակ կա Ադրբեջանի ԿԳ նախարարի կողմից ստորագրված գրություն, որտեղ վերջինս տեղեկացնում է, որ Բաքվում կայանալիք քիմիայի միջազգային օլիմպիադային հայկական կողմի մասնակցության հարցը կքննարկվի Բաքվում ընթացող Եվրոպական խաղերից հետո միայն, եւ որ նախարար Ջաբարովը հայ աշակերտների մասնակցության հարցի առնչությամբ դիմել է Ադրբեջանի նախարարների խորհրդին:
Փաստորեն Ադրբեջանի պարագայում մենք շարունակում ենք բախվել մի իրավիճակի, երբ պաշտոնական հայտարարություններն ու իրականությունը չեն համընկնում, եւ պաշտոնական Բաքվի կողմից որդեգրված ստի ու համաշխարհային հանրությանը մոլորեցնելու քաղաքականությունը տարածում է գտնում նաեւ հումանիտար ուղղություններում: Վստահ ենք, որ հայ աշակերտները կշարունակեն միջազգային օլիմպիադաներում փայլուն հանդես գալ եւ կպաշտպանեն տարածաշրջանում միանձնյա առաջատարի դիրքերը, որի վկայությունն է անցած տարիների միջազգային օլիմպիադաներում մեր դպրոցականների նվաճած մեդալների քանակը, որն, ի դեպ, մի քանի անգամ գերազանցում է Ադրբեջանի ցուցանիշներին»:





























