Հունիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ընդունել է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության /ՃՄՀԳ/ պատվիրակությանը:
Պատվիրակությունը ղեկավարում էր ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Ֆուշիմի Կացուտոշին:
Շնորհակալություն հայտնելով երկարամյա համագործակցության համար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության հետ համագործակցությունը:
Իր հերթին ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Ֆուշիմի Կացուտոշին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՃՄՀԳ կարեւոր գործընկերներից է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՃՄՀԳ Հայաստանում իրականացվող ներկայիս ծրագրերը, մասնավորապես` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ իրականացվող «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village One Product-OVOP) ծրագիրը, որի նպատակը Հայաստանում տեղական արտադրանքի եւ ծառայությունների զարգացումն ու նոր ապրանքանիշերի ստեղծումն է, ինչպես նաեւ դրանց առաջմղումը, որպեսզի վերջիններս ճանաչելի լինեն տեղական, իսկ հետագայում նաեւ արտաքին շուկաներում: Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2013 թվականի մայիսին եւ կտեւի մինչեւ 2016 թվականը:
Գ. Մելքոնյանն ընդգծել է նաեւ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ՓՄՁ ոլորտի համատեղ ծրագրերի շարունակականության կարեւորությունը եւ փաստել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշտապես պատրաստ է քննարկելու ՃՄՀԳ աջակցությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները Հայաստանում:




























