Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու գործընթացը իրականացվում է ժամանակացույցին համապատասխան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:
«Ավելին, ՌԴ կառավարության կողմից այդ աշխատանքների համար տրամադրված 270 միլիոն դոլար վարկի եւ 30 միլիոն դոլար դրամաշնորհի ստացման հետ կապված խնդիրներ չկան:
Տեղեկացնենք նաեւ, որ հունիսի 1-ին Մոսկվայում ՀԱԷԿ-ի եւ «Ռուսատոմ Սերվիսի» (գլխավոր կապալառուի) միջեւ նախաստորագրվել է «Հայկական ատոմային էլեկտրակայանի N2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման եւ աշխատանքների կատարման վերաբերյալ» պայմանագիրը, որն առաջիկայում, ՀՀ ԷԲՊՆ կառավարման խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, կներկայացվի ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարարությունների հաստատմանը:
Տեղեկացնում ենք նաեւ, որ փաստաթղթային գործընթացին զուգահեռ արդեն իսկ ընթացքի մեջ է ՀԱԷԿ-ի հիմնանորոգման ծրագրի առաջին՝ սարքավորումների վիճակի գնահատման փուլը, որն իրականացնում են ատոմակայանի եւ «Ռուսատոմ Սերվիսի» մասնագետները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մեր աղբյուրները նշում են, որ որոշակի խնդիրներ են ծագել հայկական գործող ատոմակայանի հիմնանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման գործընթացում:
Գործող ատոմակայանի շահագործման ռեսուրսը ավարտվում է 2016 թվականին: Այդ ժամկետը 10 տարով երկարաձգելու համար ՀՀ կառավարությունը 270 միլիոն դոլարի վարկ եւ 30 միլիոն դոլարի դրամաշնորհ պետք է ստանա ՌԴ-ից: Այդ գումարներով ատոմակայանը պետք է ենթարկվի հիմնանորոգման: Գումարի ստացման, տեխնիկատնտեսական փաստաթղթերի մշակման, սարքավորումների նախագծման ու պատրաստման համար բազմաթիվ համաձայնագրեր ու պայմանագրեր պետք է կնքվեն։ Դրանցից մեկը պետք է ստորագրվեր հունիսի սկզբին՝ Մոսկվայում: Այդ արարողությանը մասնակցելու համար նույնիսկ Մոսկվա էր մեկնել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Սակայն վերջին պահին փաստաթղթի ստորագրումը հետաձգվել է անորոշ ժամկետով: Թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթի մասին է խսոսքը մեր աղբյուրները չեն հայտնում, սակայն վստահեցնում են, որ խնդիրը զուտ տեխնիկական է եւ շուտով այն կստորագրվի»։





























