ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում չպետք է երկրներ լինեն, որոնք հետագայում ղարաբաղյան հակամարտության հարցում սուբյեկտիվ մոտեցում կցուցաբերեն։ Այս մասին հունիսի 18-ին Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արած այն հայտարարություններին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պետք է ընդլայնել եւ այնտեղ ընդգրկել Թուրքիային եւ Գերմանիային։

Նախարարի խոսքով՝ զինադադար հաստատելուց հետո այս տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի շնորհիվ պահպանվում է հարաբերական խաղաղության վիճակը, թեպետ շփման գծում լինում են նաեւ հրադադարի ռեժիմի խախտումներ։ «Մենք կարծում ենք, որ այդ գործընթացը պետք է շարունակվի եւ կառուցողական բնույթ ստանա։ Պետք է նոր մեխանիզմներ ընդունվեն վստահության միջոցներ մշակելու համար։ Այս տարիներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների գործունեությունը հնարավորություն է տվել Լեռնային Ղարաբաղին խաղաղ գոյատեւել»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։