Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունը ցանկանում է ժողովրդի կյանքը դարձնել Մայն Ռիդի «Օվկիանոսում կորածները» վեպը։ Այս մասին հունիսի 18-ին՝ խորհրդարանում ծխախոտի, օղու եւ դիզելային վառելիքի ակցիզային հարկի բարձրացման քննարկումների ժամանակ, հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

«Ես ուզում եմ հասկանալ, թե դուք  ի՞նչ եք ուզում անել ժողովրդի հետ: Դուք կարդացե՞լ եք Մայն Ռիդի «Օվկիանոսում կորածները» վեպը, դուք կարո՞ղ է ուզում եք ժողովրդի կյանքը դարձնեք այդ վեպը։ Հոսանքի գինը թանկացավ, հորով-մորով արեցիք, հիմա գազի գին, բենզինի գին, ծխախոտ, օղի: Դուք օր ու գիշեր քնում, արթնանում եք, մտածում եք, թե ինչից են մարդիկ օգտվում, որ էլի թանկացնե՞ք, էլի՞ գին բարձրացնեք, քամե՞ք ժողովրդին», -հայտարարեց Ուրիխանյանը՝ դիմելով օրենքը ներկայացնող, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին։