Ադրբեջանը չի կիսում վստահության մեխանիզմեր ստեղծելու Հայաստանի ջանքերը, ընդհակառակը, այդ ջանքերը բախվում են ադրբեջանական կողմի հակազդեցությանը։ Այս մասին Երեւանում հունիսի 18-ին ՝ ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նախարարի խոսքով՝ 1994թ. զինադադարի ռեժիմ հաստատելուց ի վեր հարեւան Ադրբեջանը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը։ «Այդ խախտումները դրսեւորվում են դիպուկահարների կրակոցներով, դիվերսիոն- հետախուզական գործողություններով, եւ սահմանին լարվածությունը պարբերական բնույթ է ստացել։ Լարվածությունն իր գագաթնակետին էր հասել 2014/2015թթ. եւ ԼՂՀ ԶՈւ շփման գծից տեղափոխվել է Հայաստանի սահմանամերձ շրջաններ։
Վերջին ժամանակներս լարվածությունը թուլացել է, եւ դա պայմանավորված է Ադրբեջանում Եվրոպական խաղերի անցկացման հանգամանքով։ Հայկական կողմը միշտ է զսպվածություն ցուցաբերել։ Մենք կարծում ենք, որ բանակցային գործընթացում գլխավոր առաջնայնությունը վստահության մեխանիզմներ ստեղծելն է»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։




























