ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում Գերմանիային ներգրավելը իրատեսական չէ։ Այս մասին Երեւանում հունիսի 18-ին ՝ ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ  հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի  ժամանակավոր հավատարմատար Դիրք Լորենցը։

Պատասխանելով Թեւան Պողոսյանի այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն անվստահություն է հայտնել Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահի, եւ ցանկանում է արդյոք ընդլայնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմը,  Լորենցը նշեց. «Չլինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Եվրամիությունը նույնպես սահմանափակ հնարավորություններ ունի ներգրավված լինելու տեսանկյունից։ Ուստի նշում ենք, որ աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այս առումով ոչինչ չի փոխվել։ Այո, ես Գերմանիայի քաղաքացի եմ, բայց չեմ կարող այստեղ խոսել Գերմանիայի անունից։ Որքան ես գիտեմ, Գերմանիան իր վրա նման դեր վերցնելու պլաններ չունի»։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը հունիսի 3-ին Հայստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ադրբեջանական կողմը իրեն առաջարկ է արել ընդլայնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմը։ Խոսքը Գերմանիայի եւ Թուրքիայի մասին է։