Միջատների հասարակական կյանքի զարգացումը բերում է գիտակցության եւ ընկալման համար պատասխանատու ուղեղի հատվածների կրճատմանը։ Այլ խոսքով ասած՝ «կոլեկտիվ բանականության» աճը ստիպում է անհատներին աշխարհի մասին տեղեկություն ստանալ ոչ թե ընկալման սեփական աղբյուրներով, այլ սոցիալական շփումների միջոցով։ Նման եզրակացության են եկել ամերիկացի միջատաբանները՝ ուսումնասիրելով մերձարեւադարձային մեղուների տարբեր տեսակները։ Այս մասին ասված է Proceedings of the Royal Society B ամսագրում, փոխանցում է Lenta.ru-ն։

Գիտնականները հավաքել են 29 տեսակի մեղուների 180 էգ առանձյակ։ Նրանցից ոմանք մեկուսի կենսակերպ են վարում, իսկ ոմանք ապրում են խմբերով, ոմանք էլ՝ բարդ կազմակերպված համայնքներով։ Միջատաբանները ուսումնասիրել են նրանց ուղեղները եւ եկել այն եզրակացության, որ էվոլյուցիայի ընթացքում համայնքներով ապրող միջատները ավելի շատ վստահում են հարեւաններից ստացվող տեղեկությանը, քան իրենց սեփական ընկալումներին։

Իսկ ողնաշարավոր կենդանիների էվոլյուցիան զարգացել է հակառակ ուղղությամբ։ Որքան շատ է զարգացած հասարակական կյանքը, այնքան բարդ է ուղեղի կառուցվածքը։ Գիտնականները դա բացատրում են այն հանգամանքով, որ ողնաշարավորները հաճախ են կոնֆլիկտի մեջ մտնում միմյանց հետ եւ շատ ռեսուրս են վատնում նման բախումներում ողջ մնալու համար։ Իսկ միջատների խմբերում իշխում է խաղաղությունը, որն ուղղված է ընդհանուր նպատակին հասնելուն։