Հայաստանի խորհրդարանը փոստի մասնավորեցման մասին առաջարկ է ստացել: Ազգային փոստային օպերատորին՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ցանկում ընդգրկելու նախագիծը ներկայացրել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման գործակալության ղեկավար Արման Սահակյանը:

Ներկայում օպերատորի հավատարմագրային կառավարումը ստանձնել է «Հայփոստ Տրաստ Մենեջմենթ» ընկերությունը, որը ղեկավարում է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը:

Բիզնեսին ոչ միայն կառավարումը, այլեւ բաժնետոմսերի փաթեթի փոխանցումը, ըստ Սահակյանի, կարագացնի ներդրումների գործընթացը, որը կհանգեցնի փոստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու դրա ենթակառուցվածքների արդիականացմանը:

Ներկայում հանրապետության փոստային ցանցում 885 փոստային բաժանմունք կա, որոնք ավելի քան 750 հազար հասցե են սպասարկում:

2007-2014 թվականներին կառավարող ընկերությունն ավելի քան 5 մլրդ դրամի ներդրում է կատարել (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 10.5 մլն դոլար - խմբ.) եւ 1 մլրդ 570 մլն դրամի հարկ վճարել: