Հարկավոր է հիշել, որ ոչ բոլոր մասնավորեցումներն են օգտակար երկրի տնտեսության համար: Հունիսի 18-ին Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ «Հայփոստ»-ի մասնավորեցման առաջարկի շուրջ քննարկման ժամանակ այս մասին խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Մասնավորեցման առաջարկի նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց Կառավարությանն առընթեր Պետգույքի կառավարման գործակալության ղեկավար Արման Սահակյանը:
«Մի մոռացեք, որ կարող է այնպիսի ներդրող գալ, որն արմատախիլ կանի ամբողջ համակարգը: Մեր աչքի առջեւ է «Հայաստանի էլցանցեր»-ի ողբերգական օրինակը: Պատկերավոր ասած՝ դրա խաչը կրում է ժողովուրդը, այլ ոչ թե այդ ընկերության ղեկավարությունը»,- հայտարարեց Զոհրաբյանը:





























