Հայաստանը հեղուկ գազով շահագործվող ավտոմեքենաների տեսակարար կշռով շարունակում է աշխարհում առաջատարը մնալ: Այս մասին հունիսի 18-ին Հայաստանի խորհրդարանում ծխախոտի, օղու եւ վառելիքի ակցիզի բարձրացման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով, ակցիզ է անհրաժեշտ նաեւ հեղուկ գազի համար, քանի որ այն Հայաստանում ավտոմեքենաների հիմնական վառելիքն է դարձել: Հատկապես, որ այն ամբողջ աշխարհում հարկվում է:

«Եթե մի քանի տարի առաջ Հայաստանն ամսական 28-30 կամ մինչեւ 32 հազար տոննա բենզին էր ներկրում, ապա հիմա՝ ընդամենը 10 հազար: Եվ սա այն դեպքում, երբ տարեկան 25-30 հազար ավտոմեքենա է ներկրվում հանրապետություն»,- նշեց փոխնախարարը:

Դիզելային վառելիք նույնպես քիչ է ներկրվում՝ ամսական շուրջ 11-12 հազար տոննա:

Միրումյանի խոսքով, եթե մարդիկ սկսել են գրեթե երեք անգամ քիչ բենզին օգտագործել, ապա հեղուկ գազ՝ 6 անգամ ավելի: Մի քանի տարի առաջ Հայաստանում 80 մլն խ.մ. հեղուկ գազ էր օգտագործվում, իսկ 2014 թվականի տվյալներով՝ 480 մլն: