Հայաստանում թվային հեռուստատեսությունը պարտադիր կդառնա 2016 թվականի հունվարի 1-ից: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հունիսի 18-ին խորհրդարանում ներկայացրեց Հայաստանի Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Վեց ամսով տարկետումը պայմանավորված է թվային ապակոդավորող սարքերի պետական գնումների շուրջ քննարկումներով, որոնք բաշխվելու են սոցիալապես անապահով ընտանիքներին: Ներկայում քննարկում են դրանց քանակն ու որակական չափանիշները:
Առաքելյանի խոսքով, տարկետումը պայմանավորված չէ վերահեռարձակման ցանցի վիճակով, որը Կառավարությունն արդեն պատրաստել է թվայնացման:
«Հանրապետությունում թվային հեռուստատեսության ծածկույթը մենք 100%-ով ապահովել ենք: Ապակոդավորող սարքի առկայության դեպքում թվային ազդանշանը կարելի է ստանալ երկրի ցանկացած կետում»,- վստահեցրեց Արթուր Առաքելյանը:





























