Հայաստանում կուժեղացնեն ջրի մատակարարման եւ դրա որակի վերահսկողությունը: Հունիսի 18-ին Հայաստանի գյուղնախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը խորհրդարանում հայտարարեց, որ ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունները կփոխարինվեն լիցենզիայով:
Բացի այդ, կամրագրվեն ջրի մատակարարման կանոններն ու պայմանագրերի կնքման կարգը: Սա վերաբերում է ոչ միայն խմելու, այլեւ ոռոգման, տեխնիկական եւ արտադրական ջրին: Համապատասխան առաջարկները ներառված են Հայաստանի Ջրային օրենսգրքի փոփոխությունների նախագծում եւ կից օրինագծերի փաթեթում:
Խմելու ջրի ոլորտում այս ամենը կարգավորում է Հայաստանի Հանրային ծառայություները կարգավորող պետական հանձնաժողովը: Ծրագրվում է Հանձնաժողովի լիազորությունները տարածել նաեւ ջրային մյուս համակարգերի վրա:





























