ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարութունը, թե Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման դեպքում Հայաստանը  լրացուցիչ ուժեր կստանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, ուղիղ ազդակ էր Ադրբեջանին: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց  ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարում է, որ լարվածության դեպքում ՀԱՊԿ-ն կօգնի Հայաստանին,  ապացուցում է, որ ՀԱՊԿ-ն Հայաստանի դաշնակիցն է և Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, կարող է ակնկալել իր դաշնակից երկրների աջակցությունը: Բորդյուժայի հայտարարությունը ուղիղ ազդակ էր Ադրբեջանին, որ հակամարտության լարվածության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Շարմազանովը:

Լրագրողի հարցին՝ արդյոք պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ կա, որ Բորդյուժան նման հայտարարությամբ է հանդես եկել, Շարմազանովը նշեց, որ քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը վերջնական կարգավորում չի ստացել, միշտ էլ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա:

«Քանի դեռ սահմանին զինվորներ են վիրավորվում, մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ասում են, եթե ցանկանում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի: Հին հռոմեացիները հիմար չեն եղել, որ նման բան են ասել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ  բացառում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում: