Հայաստանում ոռոգման ջրի սակագինը 2015 թվականին չի թանկանա: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց գյուղնախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը:

«Էլեկտրաէներգիայի թանկացումը չի ազդի դրա սակագնի վրա: Այլ հարց է, որ կարող է լրացուցիչ սուբսիդիայի հարց առաջանալ այն ջրօգտագործողների համար, որոնք էլեկտրաէներգիա են ծախսում պոմպերի աշխատանքի համար: Մենք կհաշվարկենք, թե որքանով է պետք մեծացնել այդ սուբսիդիաները»,- հայտարարեց Հարությունյանը:

Նշենք, որ ներկայում Հայաստանում ոռոգման ջրի սակագինը կազմում է 11 դրամ՝ 1 խ.մ.-ի դիմաց:

Իսկ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը Հայաստանում բնակչության համար բարձրացավ 16%-ով՝ 1Կվտ/ժ-ը 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ: Այս մասին որոշումը Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունեց հունիսի 17-ին: Բացարձակ արտահայտությամբ սակագինը բարձրացավ գրեթե 6.93 դրամով: