Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը երկրի ներկայացուցիչների պալատում իր կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է 7sur7.be-ն։

«Ես կարծում եմ, որ 1915-1917թթ. ողբերգական դեպքերը, որոնք նախաձեռնվել էին Օսմանյան կայսրության վերջին կառավարության կողմից, պետք է որակվեն որպես ցեղասպանություն»,- ասել է Շառլ Միշելը՝ պատասխանելով մեծամասնություն կազմող խմբակցության 2 պատգամավորների հարցին։

Վարչապետը նաեւ ընդգծել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսության անհրաժեշտությունը։ Նա նշել է նման զանգվածային սպանությունները որակելու մեջ միջազգային դատական մարմինների առաջնային դերը եւ հիշեցրել, որ Բելգիայի Սենատը 1998թ. համապատասխան բանաձեւ էր ընդունել։

Վարչապետի հայտարարությունը ջերմ ծափողջույնների է արժանացել գրեթե բոլոր պատգամավորների կողմից։ Ողջունելով այդ հայտարարությունը՝ «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության պատգամավոր Պետեր Դե Ռովերը հայտարարեց բանաձեւի  նախագիծ առաջարկելու մասին, որը թույլ կտա այդ հարցով առաջ շարժվել։ «Դուք պատմություն եք կերտում»,- նշեց «Բաց ֆլամանդական ազատականներ եւ դեմոկրատներ» դաշինքի պատգամավոր Պատրիկ Դեվալը։ Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ նույնպես ողջունել են վարչապետի հայտարարությունը։

Նշենք, որ Բելգիայի վարչապետը մի քանի շաբաթ առաջ RTBF բելգիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր իր կառավարության անունից, որ 100 տարի առաջ իրականացված հայոց ջարդերը ցեղասպանություն է եղել։