Հայաստանում ներգնա տուրիզմը պահանջված չէ բարձր գների պատճառով։ Այս մասին այսօր` հունիսի 19–ին, լրագրողներին ասաց տուրիստական ընկերություններից մեկի տնօրեն Աննա Հարությունյանը` նշելով, որ հայաստանցիների շրջանում այժմ ցածր գների շնորհիվ ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունը Եգիպտոսն է։
«Եգիպտոսը շարունակում է մնալ մատչելի երկիր։ Այնտեղ տիրող իրավիճակը հետաքրքրությունն այդ երկրի հանդեպ չի նվազեցնում։ Այնտեղ այսօր ավելի մատչելի է, քան մեր երկրում հանգստանալը։ Ներկա պահին Եգիպտոս 2 հոգով կարող են մեկնել ընդամենը 500 ԱՄՆ դոլարով՝ տոմսն ու հյուրանոցը ներառյալ»,-ասաց նա՝ նշելով, որ Դիլիջանում, Ծաղկաձորում եւ Սևանում հանգստանալը կրկնակի, երբեմն էլ եռակի թանկ է։
Վերջին շրջանում մեծացել է հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, ինչին, ըստ ոլորտի մասնագետի, նպաստում է Արցախում անցկացվող փառատոների գովազդումը եւ ծառայությունների ցածր գները։
«Վերջին հեծանվային փառատոնից հետո, որն անցկացվում էր Ղարաբաղում, այն հայտնվել է թե՛ զբոսաշրջիկների, թե՛ տեղացիների ուշադրության կենտրոնում։ Ղարաբաղի մասին վերջերս շատ են հարցնում, բացի այդ, եթե համեմատենք, նույն մակարդակի հայաստանյան հյուրանոցների և ընդհանրապես ծառայությունների գները Ղարաբաղում ավելի մատչելի են»,- ասաց Աննա Հարությունյանը։
Մեկ այլ տուրիստական ընկերության տուրմենեջեր Կարինե Քոչարյանն էլ իր հերթին նշեց, որ բացի Եգիպտոսից հայերը նախընտրում են մեկնել նաև Արաբական Միացյալ Էմիրություններ. «Այդ ուղղությունը ևս մատչելի է, ինչը հայերին գրավում է։ Բացի այդ, կա ևս մեկ կարծիք. եթե այստեղ պետք է գումար ծախսեմ, ապա ավելի լավ է` մեկնեմ ուրիշ երկրներ տեսնեմ»,-ասաց նա։
Հայաստանում առաջարկվող տուրիստական փաթեթներից ամենաթանկը, ըստ ոլորտի ներկայացուցիչների, Մալդիվներն են եւ մյուս էկզոտիկ երկրները, ուր մեկնողներ, սակայն, հազվադեպ են հանդիպում։



























