էլեկտրաէներգիայի թանկացումը կապ չունի «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի վճարման հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողներին ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջերս մամուլում արված հրապարակումներին, ըստ որոնց, հոսանքի թանկացումը կապված է նաիրիտցիներին վճարվելիք աշխատավարձերի հետ:
«ՀԷՑ-երից երբեք գումար չեն վերցրել և տվել «Նաիրիտին»: Հիմա էլ ասել, թե ժողովրդից փող են հավաքում նաիրիտցիների աշխատավարձերի վճարման համար, մեծ հիմարություն է: Անբարոյական է հոսանքի թանկացումը կապել «Նաիրիտի» աշխատավարձերի հետ։ Էլեկտրաէներգիայի թանկացումն առաջին հերթին վնասում է նաև «Նաիրիտին», որովհետև գործարկման դեպքում հենց «Նաիրիտն» է բարձր սակագնով գումարներ վճարելու»,- ասաց Անուշ Հարությունյանը:
Նշենք, որ նաիրիտցիներն այսօր մասնկացելու են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող հավաք-երթին:
«Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 19-ին՝ 18:30-ին, Ազատության հրապարակում բողոքի ակցիա եւ երթ կանցկացնի՝ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելու պահանջով:
Հիշեցնենք, որ հունիսի 17–ին տեղի ունեցած ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ ՀԷՑ–ը հայտ էր ներկայացրել հոսանքը 17 դրամով թանկացնելու վերաբերյալ։



























