Անգամ եթե որոշ հայ եւ ադրբեջանի քաղաքագետներ ընդունում են Մադրիդյան սկզբունքները, այն միակողմանի լուծումների մեղմ տարբերակն է։ Այս մասին Երեւանում հունիսի 19-ին՝  ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ, հայտարարեց Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի  հարցը Մադրիդյան սկզբունքներով անորոշ է մնում։ «Դա ենթադրում է, որ սկզբունքներն այդքան էլ կարեւոր չեն գլխավոր խնդրի լուծման, այն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման համար»,- ընդգծեց Բրոյերսը։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ-ն համագործակցության փոքր հնարավորություն է։ «Թվում է, թե ոչ ոք չի ուզում կորցնել ուժերի ներդաշնակության այս յուրահատուկ օրինակը։ Մինսկի խումբը հուսալի գործոն է, եւ թվում է, բոլոր գործընկերները գնահատում են այն։ Արեւմուտքը այլեւս չի ուզում բախումներ ունենալ Պուտինի հետ, իսկ Պուտինը ցանկանում է ցույց տալ, որ չի ուզում խնդիրներ ունենալ Արեւմուտքի հետ»,- նշեց Բրոյերսը։

Նա նշեց, ո ր անհրաժեշտ է վերջ դնել հանդիպումներ ունենալու հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների մենաշնորհին։ «Կարելի է վերականգնել ՊՆ-ների միջեւ կապը։ Կարող են բանակցել նաեւ գյուղատնտեսության նախարարները։ Արտգործնախարարները պետք է հանդիպեն ոչ թե արտասահմանում, այլ պետք է այցելեն միմյանց երկրները»,- հավելեց Բրոյերսը։