Հունիսի 18-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում կայացել է «Փոքր բիզնեսի ակտի գնահատում 2015» (ՓԲԱ գնահատում)/(Small Business Act Assessment 2015) թեմայով Փոքր Բիզնեսի Ակտի շահառուների հանդիպումը, որը կազմակերպվել էր Եվրոպական Հանձնաժողովի, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD)  Եվրասիական մրցունակության ծրագրի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` Եվրոպական Վերակառուցման եւ զարգացման բանկի ու Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի հետ համատեղ: Աշխատաժողովին մասնակցել են պետական մարմինների ներկայացուցիչներ, ովքեր պաատսխանատու են Փոքր Բիզնեսի Ակտի 10 ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար, ինչպես նաեւ միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում ՏՀԶԿ եւ ԵՄ փորձագետների կողմից ներկայացվել են 2015 թվականի գնահատման նախնական արդյունքները, նախորդ գնահատման համեմատ առաջընթաց գրանցած ցուցանիշները: Աշխատաժողովի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

«Փոքր բիզնեսի ակտի գնահատում 2015» գնահաման ամփոփված նախնական արդյունքները կներկայացվեն Բրյուսելում ընթացիկ տարվա հուլիսի 1-ին կայանալիք աշխատաժողովի ընթացքում, որին կնախորդեն հունիսի 30-ին անցկացվելիք երկկողմանի ձեւաչափով քննարկումները Եվրոպական Հանձնաժողովի, ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի, Եվրոպական Վերակառուցման եւ զարգացման բանկի եւ Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետությունը «ՓԲԱ գնահատում» ծրագրի իրականացմանը մասնակցում է 2012 թվականից: Ծրագրին մասնակցում են նաեւ Արեւելյան Գործընկերության ծրագրի անդամ մյուս երկրները: Փոքր Բիզնեսի Ակտի գնահատումը ներկայումս իրականացվում է երկրորդ անգամ:

ՓՄՁ քաղաքականության ինդեքսը զարգացող տնտեսությունների համար համեմատական գործիք է, որն օգնում է գնահատել փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն առնչվող քաղաքականությունը եւ իրականացնել դրա դիտանցը: Ինդեքսը մշակվել է ՏՀԶԿ-ի կողմից եւ իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի, Եվրոպական Վերակառուցման եւ զարգացման բանկի եւ Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի հետ համատեղ: Հայաստանի Հանրապետությունում  Ինդեքսի իրականացման պատասխանատու եւ համակարգող կառույցը էկոնոմիկայի նախարարությունն է: