ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության տեսուչի նկատմամբ  բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թ. մարտի 9-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, քաղաքացի Ս.Նավասարդյանը, եւս 4 անձանց հետ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մոտեցել է  Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում ուժեղացված ծառայություն իրականացնող ՀՀ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներին:

Ս.Նավասարդյանը հեգնանքով հարցրել է, թե արդյոք տեսուչները չե՞ն կանգնեցրել իրենց ավտոմեքենան, ապա՝ առաջարկել իր համար ծխախոտ գնել։ Չենթարկվելով ծառայության վայրից հեռանալու եւ ծառայությանը չխոչընդոտելու՝ ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Ա.Քոչարյանի օրինական պահանջներին՝ Նավասարդյանը հայհոյել է, տեսուչի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Ս.Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: