Կենգուրուների մեծ մասը ձախլիկ է: Նման պնդում են ներկայացրել Current Biology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները:

Ըստ Lenta.ru-ի, դեռեւս 10 տարի առաջ հետազոտության հեղինակ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կենսաբան Եգոր Մալաշիչովը նշել էր, որ չնայած պարկավորները նեյրոնների ցանց չունեն, որոնք կապում են գլխուղեղի աջ եւ ձախ կիսագնդերը, կենգուրուները բնական պայմաններում նախընտրում են քիթը մաքրել, տերեւներ հավաքել եւ ճյուղերը ճկել ձախ ձեռքով:

Հոդվածի հեղինակները կոչ են անում ավելի ակտիվ ուսումնասիրել պարկավորների ուղեղը, որոնք բազմաթիվ կարեւոր չափորոշիչներով տարբերվում են այլ կաթնասուններից: Այդպիսի հետազոտությունները կարող են լույս սփռել նաեւ հոգեկան այնպիսի խանգարումների խնդրի վրա, ինչպիսիք են շիզոֆրենիան եւ աուտիզմը: Վերջերս այդ հիվանդությունների եւ աջլիկ ու ձախլիկ լինելու միջեւ կապ են հայտնաբերել: