Ազատության հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին»  նախաձեռնության կազմակերպած հավաք-երթը։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել։ (ֆոտոռեպորտաժ)

Նշենք, որ այսօրվա ակցիային միանալու մասին հայտարարել են «Հանրապետություն» կուսակցությունը, ՍԴՀԿ–ն, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները։ Ազատության հրապարակում են նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, «Հայկական վերածնունդ» միավորումը, Անդրիաս Ղուկասյանը։

Քաղաքացիներն իրենց հետ բերել են պահանջատիրական կարգախոսերով ցուցապաստառներ, որոնցից մեկի վրա գրված է` Бибин, го хоум.

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am