Եթե պետք է, Ազատության հրապարակում կմնամ բոլորից շատ: Այս մասին այսօր՝ Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես չգիտեմ, թե հանրահավաքի մասնակիցներից քանի հոգին է որոշել մասնակցել նստացույցին, բայց մեծ սիրով ինքս կգնամ, կգամ, եթե պետք է բոլորից էլ շատ կմնամ:
Պետք է ունենալ իրական սահմանադրական, ժողովրդավարական պետություն: Այս պայքարը տևական է, և պայքարը ծնում է պայքար: Համարում եմ, որ ապօրինի ռեժիմը անիրավ որոշում է կայացրել և ժողովրդի արդար պահանջը պետք է բավարարվի»,-ասաց նա:
Նշենք, որ այսօրվա ակցիային միանալու մասին հայտարարել են «Հանրապետություն» կուսակցությունը, ՍԴՀԿ–ն, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները։ Ազատության հրապարակում են նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:



























