Եթե մինչև ժամը 23:00-ն «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու նրանց հայտարարած նստացույցին միացած քաղաքացիները չհեռանան Ազատության հրապարակից, ոստիկանությունն իրավասու է ուժով նրանց հեռացնել այդտեղից: Այս մասին շարժման կազմակերպիչներին նախազգուշացրեց Երևանի փոխոստիկնապետ Վալերի Օսիպյանը՝ նշելով, որ ժամը 23:00-ից հետո նրանց բոլոր գործողությունները կդիտվեն որպես անօրինական և հասարակական կարգի խախտում: (ֆոտոռեպորտաժ)
Ըստ Օսիպյանի՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դիտավորյալ նախապես չեն հայտարարել սպասվող նստացույցի մասին, այլ հայտարարել են, որ հավաքին հաջորդելու է երթ՝ դրանով խախտելով օրենքը: Նախաձեռնության անդամները, սակայն, հակադարձեցին, ասելով, որ նստացույցի որոշումը կայացվել է Ազատության հրապարակում հավաքի ընթացքում և ժողովուրդն ինքն է նման որոշում կայացրել: Այժմ Օսիպյանը շարունակում է բանակցել ակցիայի կազմակերպիչների հետ՝ փորձելով համոզել նրանց դադարեցնել նստացույցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ էլեկտրաէներգիայի թանկցաման դեմ հավաքի ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը անսպասելիորեն հայտարարել է, որ եռօրյա նստացույց են սկսոմ Ազատության հրապարակում՝ իշխանություններին մինչև երկուշաբթի երեկոյան ժամը 19:00-ն տալով վերջնաժամկետ. եթե մինչև այդ հոսանքի թանկացման որոշումը չեղյալ չհայտարարվի, նրանք կշարժվեն դեպի Բաղրամյան 26:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am



























