Քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանը՝ Կայարանցի Թեւոսիկը երեկ՝ հունիսի 19-ին բերման ենթարկվելու ժամանակ եղել է ԱԺ հանրապետական պատգամավորի մեքենայով։
Shamshyan.com-ի տվյալներով, Սաֆարյանը մտերիմ է ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ եւ օրեր առաջ Մոսկվայից Երեւան ժամանելուն պես պատգամավորից խնդրել է նրա «Բենթլի»-ն, որպեսզի մի քանի օր օգտագործի այն եւ միայն 6-րդ վարչություն բերման ենթարկվելուց հետո է պատգամավորն իմացել դեպքի մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել Թեւոս Սաֆարյանը՝ «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցող Կարեն Բագրատունյանը, որն առավել հայտնի է «Սամբիստ Կարեն» մականվամբ, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է «Քանաքեռցի Հարութ» մականվամբ, ինչպես նաեւ Սաֆարյանին երեք այլ ավտոմեքենաներով ուղեկցող եւս յոթ անձ:
Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում՝ «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով:
Նույն ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է եւս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով:
Ուղեկցող անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է շագանակագույն չորացված զանգված:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում





























